ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհուրդը երկար ժամանակ է` ուսումնասիրում է մամուլի հրապարակումները և կոռուպցիայի մասին տեղեկությունները հավաքում ու որպես զեկույց ներկայացնում ՀՀ վարչապետին։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մայիսի 7–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ամեն ամիս, իսկ երբեմն ավելի հաճախ, իրեն զեկուցում է լրատվամիջոցներում կոռուպցիոն դեպքերի կամ կոռուպցիայի վերաբերյալ կասկածներ արտահայտող հրապարակումների վերաբերյալ։ Նա նշել էր, որ դա իրեն հետաքրքրում է` իմանալու համար հատկապես ռուսական լրտեսների, 5–րդ շարասյան վերաբերյալ։
«Բոլորի` թե ՀՀ իշխանության մաս կազմող, թե այլ անձանց վերաբերյալ կոռուպցիայի մասին մամուլի հրապարակումները հավաքում ենք, կազմում ենք զեկույց ու ներկայացնում վարչապետին։ Մենք այս աշխատանքը երկար ժամանակ է` կատարում ենք»,– նշեց Գրիգորյանը։
Թե ինչու է ԱԽ–ն այդ հարցով զբաղվում, Գրիգորյանը պատճառաբանեց` կոռուպցիան ՀՀ իշխանությունը համարում է ազգային անվտանգության սպառնալիք, և դա կառավարության համար առաջնահերթություն է։
Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացին, Գրիգորյանն ասաց, որ որևէ նոր բան չկա, այն, ինչ հրապարակային եղել է, այդքանն է։
«Եթե որևէ նոր բան լինի, բնականաբար, մենք կտեղեկացնենք հանրությանը»,– նշեց նա։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։