ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահ է ընտրվել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Կոբախիձեի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել քաղաքական ուժի համագումարում, որը հեռարձակել են վրացական առաջատար հեռուստաալիքները:
Պատասխան խոսքում Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել կուսակիցներին վստահության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել իր նախորդին՝ Իրակլի Ղարիբաշվիլիին, կուսակցության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
«Կուսակցության նախագահությունը և՛ մեծ պատիվ է, և՛ լուրջ պատասխանատվություն։ Ես երախտապարտ եմ ցուցաբերված վստահության և աջակցության համար»,– նշել է Կոբախիձեն։
Հիշեցնենք` Իրակլի Ղարիբաշվիլին, որը մեկուկես տարի գլխավորում էր «Վրացական երազանքը», ապրիլի 25-ին հայտարարեց քաղաքական կարիերան ավարտելու մասին` միաժամանակ ընդգծելով, որ ընդդիմություն դառնալու մտադրություն չունի։