ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաքի վրա։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:
«Էներգոդարը կրկին հարձակման է ենթարկվել։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Էներգոդարի վրա հարձակվելու փորձի հետևանքով վնասվել է երեք ավտոմեքենա։ ԱԹՍ-ն ոչնչացվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։ Տուժածներ չկան։ Կրակի բռնկում տեղի չի ունեցել։ Հակառակորդը չի դադարեցնում Էներգոդարի վրա հարձակվելու և քաղաքի կյանքն ապակայունացնելու փորձերը»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Պուխովը։
Դրա հետ մեկտեղ, ըստ քաղաքապետի, Էներգոդարն ապրում է խաղաղ կյանքով և պատրաստվում է Մեծ հաղթանակի հոբելյանի տոնակատարությանը: Քաղաքապետը էներգոդարցիներին զգոնության կոչ է արել։
«Հակառակորդն ահաբեկչական գործունեություն է կատարում։ Եղեք չափազանց ուշադիր ու զգույշ և խուսափեք բաց տարածություններից: Հաղթանակը մերն է լինելու», - գրել է քաղաքապետը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։