Սահմանադրության տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի․ Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը. Արխիվային լուսանկար
Նախարարը հստակ ժամկետներ չի կարողանում նշել, թե Սահմանադրությունը երբ կդրվի հանրաքվեի, բայց վստահեցնում է՝ կուլիսային ոչինչ չի արվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մասնագիտացված հանձնաժողովը մշակել է հայեցակարգ․ հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը, և Սահմանադրության տեքստի մշակումն իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին»,- նշեց Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչի համար է հանձնաժողովին շուրջ 60 միլիոն դրամի աշխատավարձ հատկացվել։
Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքում ստեղծված հայեցակարգի դրույթները որոշակիորեն տեղ կգտնեն Սահմանադրության նոր տեքստում։
Նախարարը դժվարանում է ժամկետ նշել, թե երբ հանրաքվեի կդրվի Սահմանադրությունը։
Շեշտում է՝ երբ տեքստը պատրաստ լինի, հայեցակարգային առանձին դրույթներ հանրության դատին կներկայացվեն, մանրամասն քննարկումներ կարվեն։ Վստահեցնում է՝ կուլիսային ոչինչ չի արվում, քանի որ ի վերջո հանրաքվեով հենց ժողովուրդն է ընտրությունը կատարելու։ Նախարարի խոսքով՝ բավարար ժամանակ կտրվի հանրությանն ու քաղհասարակությանը՝ նոր տեքստին ծանոթանալու և որոշում կայացնելու համար։