ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Վերջին տարիներին անչափահասների ներգրավմամբ և նրանց կողմից սառը զենքով հանցագործությունների կատարման մտահոգիչ վիճակագրություն կա։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Մշակել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունը․ խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր, փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը։ Հուսով եմ՝ նման արգելքի պարագայում կգնանք ավելի շատ կանխարգելման ուղղությամբ և այս տեսանկյունից էլ արդյունքներ ունենալ»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ մինչ խորհրդարանի ամառային արձակուրդները կհասցնեն օրենսդրական նախագիծն ԱԺ բերել։
Օրենսդրական փաթեթում նաև նպատակ ունեն սահմանելու արգելված իրերի և առարկաների հստակ ցանկը, որով կկարողանան հետագայում առաջնորդվել զննության, ստուգումների ժամանակ։ Դա կօգնի նաև անչափահասներին հասկանալ՝ ինչն է կարելի, ինչն է արգելված։
Նախարարի խոսքով՝ բացի այդ, ԿԳՄՍՆ-ի հետ նախաձեռնում են նաև պարբերական ստուգայցեր դպրոցներ, արգելված առարկաների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ։
Բացի այդ, ըստ նրա, ՆԳՆ–ի ջանքերին զուգահեռ կարևոր դեր ունեն ծնողները:
Հավելենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դպրոցականների մասնակցությամբ դանակահարության դեպքերը։ Վերջին աղմկահարույց դեպքը ապրիլի 20-ին էր տեղի ունեցել, արյունալի վիճաբանության հետևանքով դպրոցական էր մահացել։