ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր հետ են մղել ուկրաինական դրոնների լայնածավալ հարձակումը երկրի եվրոպական մասի բազմաթիվ շրջաններում, սահմանափակվել է մի շարք օդանավակայանների և այլ հաստատությունների աշխատանքը:
Այսպես, մեկ գիշերվա ընթացքում Բրյանսկի մարզում ոչնչացվել է ավելի քան 140 օդային թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ։ Կուրսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել, նրանք հոսպիտալացվել են: ԱԹՍ-ի ևս մեկ հարձակում հետ է մղվել Կոստրոմայի մարզում, ավերածություններ և տուժածներ չկան: Անօդաչուների հարձակման վտանգը պահպանվում է Տուլայի շրջանում։
Օդային սպառնալիքի պատճառով Նիժնի Նովգորոդի օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, ևս 4-ը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել Նիժնեկամսկի օդանավակայանում չվերթերի ընդունման և արձակման համար: Բացի այդ, վեց չվերթ հետաձգվել է, ևս վեցը չեղարկվել Վոլգոգրադի օդանավակայանում: Սարանսկի մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։