ՀՀ ՊՆ–ն սերժանտների աշխատավարձը բարձրացնելու նախագիծ է ներկայացրել ԱԺ

ՀՀ ԶՈւ ծառայողներ. Արխիվային լուսանկար
Ըստ ներկայացված նախագծի՝ սերժանտների աշխատավարձերը կտարբերվի՝ կախված նրանից՝ նրանք ծառայում են շտաբներո՞ւմ, թե դիրքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել գլխավոր շտաբի, բանակի և կորպուսի սերժանտների պաշտոններ և նրանց համար նախատեսել բազային աշխատավարձի բարձրացում։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` ներկայացնելով «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Սերժանտների աշխատավարձերը կտարբերվի՝ կախված նրանից՝ նրանք ծառայում են շտաբներո՞ւմ, թե դիրքերում։ Նրանց նվազագույն աշխատավարձը 220 հազար դրամ է։ Եթե նրանք սերտիֆիկացման ժամանակ ստանան «լավ» գնահատականը, ապա նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչև 490 հազար դրամ:
Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ դիպուկահար զինծառայող ծանոթ ունի, որը տասնյակ կյանքեր է փրկել մարտական գործողությունների ժամանակ, սակայն ատեստավորման ժամանակ նրան կտրել են շարային պատրաստության պատճառով: Նրա կարծիքով` պետք է բացառել նման ձևական մոտեցումները, որոնք վնասում են համակարգին։
Մանուկյանը նաև կոչ արեց բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը ՝ առանց պարտադիր ատեստավորման:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տվյալներով՝ 2024 թ. ատեստավորմանը մասնակցել է 13,5 հազար զինծառայող, որոնց 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Նրա խոսքով՝ ընթացակարգի արդյունքում զինծառայողների աշխատավարձերը 205 հազար դրամից բարձրացել են մինչև 470 հազար դրամ: