ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արարատի մարզում 5 ժամվա ընթացքում հակակարկտային կայաններից 59 327 կրակոց է եղել։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, որը վերաբերում էր Արարատի մարզում կարկտահարության և ցրտահարության դեպքերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի կենտրոնական հատվածում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել ծիրանի և խաղողի այգիներին։
Պատգամավորը հետաքրքրվեց` ձևավորվե՞լ է արդյոք մասնագիտական խումբ կամ հանձնաժողով, այցելե՞լ են մարզ, կորուստների ծավալները մե՞ծ են, և կլինի՞ արդյոք փոխհատուցում։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ համապատասխան հանձնաժողովը ստեղծված է և աշխատում է։ Նրա խոսքով` այս պահի տվյալներով` հիմնական վնասները 7–8 գյուղում են եղել, իսկ մոտ 2 տասնյակ գյուղերում վնասն ինչ–որ չափով է եղել։
Նա տեղեկացրեց, որ իրենք այս պահին անընդհատ օպերատիվ իրավիճակը զեկուցում են, ըստ որի` պտղի մասով միջինում մինչև 30 տոկոս վնաս է եղել, բանջարեղենի դեպքում` 50–60 տոկոս։
«Հակակարկտային կայաններն աշխատել են ողջ ծավալով և ամբողջ գիշերվա ընթացքում։ Մասնագետների ու բնակիչների գնահատմամբ` եթե դրանք չաշխատեին, վնասները շատ ավելի մեծ կլինեին. շատ խոշոր ու ազդեցիկ կարկտաբեր ամպեր են եղել։ Գիտնականներն ասում են, որ կան ամպեր, որոնց որոշակի բարձրության վրա հնարավոր չէ հասնել հակակարկտային կայանների միջոցով»,– նշեց նախարարը։
Նա նշեց, որ գյուղացիների հիմնական խնդիրը վարկերի հետ է կապված. ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ համագործակցելով` կփորձեն աջակցել այդ հարցում ու հետաձգել վարկերի մուծումները` ինչպես անցած տարի։
Նշենք, որ վերջին շրջանում առանց ցրտահարությունների, տեղումնառատ և արևոտ գարունը մասնագետներին թույլ էր տալիս առատ բերքի մասին կանխատեսումներ անել։ Բայց եղանակն անակնկալներ մատուցեց. Հայաստանի գրեթե ողջ տարածքում օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևներին զուգահեռ Արտաշատում ու հարակից գյուղերում խոշոր կարկուտ է գրանցվել։