ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ապրիլի 30-ին, ձերբակալվել` մայիսի 5–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Դատարանը բավարարել է Արմեն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս պահին ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորված է»,–հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հայտնել էինք, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։
Հիշեցնենք` Դանիելյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ապրիլի 30-ին։ Նա ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024–ի նոյեմբերի 11–ին։
«168 ժամ»-ի տվյալներով՝ Արմեն Դանիելյանը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարներն է յուրացրել, և բացի դրանից, մեկ տարվա 30 տոննա բենզինի կտրոնները նախ բաժանել է ըստ կարիքի, ապա՝ հավաքել ու վաճառել: