ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի՝ որպես Երևանի և Բաքվի միջև միջնորդի դուրսմղումը բացասաբար է անդրադարձել բանակցությունների վրա։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման տվյալները։
Հարցվածների շուրջ 60 տոկոսը կարծում է, որ Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնության դուրսբերումը գործընթացի վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Այսպես, 10,7 տոկոսը պատասխանել է, որ «լիովին դրական» է գնահատում կատարվածը, 19,1 տոկոսը՝ «ավելի շուտ դրական», 24,5 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական», 36,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական» է համարել: Եվս 9,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե արդյոք ՀՀ քաղաքացիները խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց առաջ պե՞տք է ծանոթանան տեքստին և իրենց համաձայնությունը տան պայմանագրի դրույթներին և բովանդակությանը։ Հարցվածների 73 տոկոսը պատասխանել է «միանշանակ այո», իսկ 13,1 տոկոսը՝ «ավելի շուտ այո»։ 5,3 տոկոսը պատասխանել է «ավելի շուտ ոչ», իսկ միանշանակ ոչ՝ 6,5 տոկոսը, ևս 2,1 տոկոսը դժվարացել է պատասխանել։