ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է տեղի ունեցածը և շահագրգռված է, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցութան ղեկավար Արմեն Գալջյանը։
Ինչպես հայտնել ենք, Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում գիշերը 4։30–ի սահմաններում հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ Կատարվածի մեջ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մեղադրել էր գործող իշխանությանը։
«Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա»,–նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք` Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը):