Հայաստանում «Անմահ գունդ» ակցիային մասնակցելու համար արդեն ստացվել է մոտ 8 հազար հայտ

Ավանդական հիշատակի երթը կմեկնարկի մայիսի 9-ին՝ ժամը 12: 00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանում «Անմահ գունդ» ակցիային մասնակցելու համար արդեն մոտ 8 հազար հայտ է ստացվել։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հայտեր են ստացվել քաղաքացիներից, կազմակերպություններից, կոլեկտիվներից, ուսանողներից, բուհերից։
«Այս տարի երթը լինելու է լայնածավալ, բազմամարդ։ Մենք նախապատրաստվել ենք դրան», - ասաց նա։
Ավանդական հիշատակի երթը կմեկնարկի մայիսի 9-ին՝ ժամը 12: 00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Մասնակիցները Ազատության պողոտայով կհասնեն Հաղթանակի զբոսայգու «Անմար կրակի» հուշահամալիր։ Այնուհետև ժամը 13: 30-ին «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ տեղի կունենա տոնական համերգ:
Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում կան Հայրենական մեծ պատերազմի մոտ 30 վետերաններ, սակայն անկախ նրանց ֆիզիկական ներկայությունից, ներկա և հաջորդ սերունդները պարտավոր են պահպանել նրանց հիշատակը:
Հովհաննիսյանի խոսքով՝ հենց նրանց հաղթանակն է ժամանակին հայերին ոգեշնչել Արցախյան առաջին պատերազմում։
Սիմոն Եսայան, Ռուբեն Հովհաննիսյան
Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը նշեց, որ չնայած պատկառելի տարիքին՝ վետերանները մեծ ուրախությամբ են արձագանքում երթին մասնակցելուն: Երթին կմասնակցեն չորս վետերաններ, ևս չորսն այսօր մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի հոբելյանական հանդիսություններին, իսկ լենինգրադյան շրջափակման երկու վետերաններ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։
Եսայանի խոսքով՝ ևս երկու վետերան պետք է մեկնեին Չինաստան (քանի որ երկրորդ համաշխարհայինն ավարտվեց Չինաստանում ճապոնական բանակի կապիտուլյացիայով), սակայն չեն կարող, ուստի նրանց փոխարեն կգնան ազգականները:
Եսայանը ցավով նշեց, որ տարիների ընթացքում վետերանների թիվը նվազում է, Այժմ Հայաստանում 31 վետերան կա: