Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի կենտրոնական բանկ
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել էր փետրվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս մասին հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 6-ին տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%, ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, ԿԲ–ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%»,–ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ԿԲ–ն փետրվարի 4-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել էր։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել ԿԲ–ից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։