ԵՀ–ն ռուսական էներգակիրներից լրովին հրաժարվելու ճանապարհային քարտեզ է հրապարակել

Եվրահանձնաժողովի պնդմամբ՝ կանխատեսումներից երևում է, որ արդեն ընթացիկ տարվանից համաշխարհային շուկայում հեղուկացված բնական գազի առաջարկը կաճի, իսկ պահանջարկը կնվազի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ռուսական էներգակիրներից, այդ թվում՝ գազից, նավթից և ատոմային վառելիքից լիակատար հրաժարվելու ճանապարհային քարտեզը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՀ-ի հայտարարությունը։
«Ճանապարհային քարտեզը, որն այսօր ներկայացրել է Եվրահանձնաժողովը, ճանապարհ է հարթում Ռուսաստանից ԵՄ-ի լիարժեք էներգետիկ անկախությունն ապահովելու համար։ Չնայած REPowerEU ծրագրի և պատժամիջոցների շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացին` 2024 թվականին ԵՄ-ում ռուսական գազի ներմուծման աճ է գրանցվել։ Ուստի անհրաժեշտ են ավելի համակարգված գործողություններ, քանի որ ԵՄ-ի չափազանց մեծ կախվածությունը ռուսական էներգակիրների ներմուծումից սպառնալիք է անվտանգության համար»,-ասվում է փաստաթղթում։
Հայտնի է դարձել նաև․
Մինչև 2025 թվականի վերջը ցանկանում են արգելք սահմանել նոր գործարքների և սփոթ-պայմանագրերի վրա,
Դադարեցնել ռուսական գազի մատակարարների հետ նոր պայմանագրերի կնքումը,
ՌԴ-ից գազի ամբողջ ներկրումը ամբողջությամբ դադարեցնել 2027 թվականի վերջին,
Եվրահանձնաժողովը ցանկանում է նոր միջոցներ ձեռնարկել այսպես կոչված ստվերային նավատորմի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող նավթատար նավերի դեմ պայքարի համար,
Առաջարկվում է ԵՄ երկրներին արգելել ուրան և միջուկային վառելիք գնել ՌԴ-ից, Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցությունը կդադարեցնի նոր պայմանագրերի հաստատումը։
Եվրահանձնաժողովի ծրագրի համաձայն՝ ռուսական նավթից, գազից և ատոմային վառելիքից հրաժարվելը պետք է աստիճանական և համակարգված բնույթ կրի: ԵՀ-ում հավաստիացնում են, որ միջոցները մշակվել են ԵՄ էներգակիրների մատակարարումների անվտանգությունը պահպանելու և գների ու շուկաների վրա ցանկացած ազդեցություն սահմանափակելու նպատակով:
Եվրահանձնաժողովի պնդմամբ՝ կանխատեսումներից երևում է, որ արդեն ընթացիկ տարվանից համաշխարհային շուկայում հեղուկացված բնական գազի առաջարկը կաճի, իսկ պահանջարկը կնվազի: Դա հատկապես ակնհայտ կդառնա 2028 թվականին։ «Սպասվում է, որ 2025 թվականից գազի համաշխարհային մատակարարումներն արագ կաճեն, մինչդեռ պահանջարկը կշարունակի նվազել»,- նշվում է փաստաթղթում:
Հունիսին ԵՀ-ն օրենսդրական առաջարկներ կներկայացնի ճանապարհային քարտեզին աջակցելու համար։
ԵՄ-ն հրաժարվել է ՌԴ–ից հեղուկ գազի արգելքից. ԶԼՄ