ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի Ղուկաս Մադոյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խորհրդային Միության հերոս, Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի Ղուկաս Մադոյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը
© Photo
Հայտնի է, որ Մադոյանը ղեկավարել է Դոնի Ռոստովի պաշտպանությունը երկաթուղային կայարանի շրջանում։ Այդտեղ կա հերոսի անունով փողոց, ինչպես նաև տեղադրված է նրա հուշարձանը, որի հեղինակներն են Ներսիկ Կիրակոսյանը և Վալերի Ժիլյաևը:
Արարողությանը մասնակցել են Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հերոսի թոռն ու ծոռը:
«Շատ ճիշտ է, որ տեղադրվել է այդ մեծ մարդուն, ակնառու հմտություններ դրսևորած հերոսին պատվող հուշարձանը: Բոլորիս մաղթում եմ, որ ունենանք գոնե մի մասն այն վճռականության, հայրենասիրության և ուժի, որը կար նման անմոռանալի մարդկանց մեջ», – ասել է Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ռոստովի պաշտպանի հուշարձանին:
Խորհրդային Միության հերոս, Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի Ղուկաս Մադոյանը
© Photo
Փոխգնդապետ Ղուկաս Կարապետի Մադոյանը Խորհրդային Միության հերոս է, պարգևատրվել է Լենինի, Ալեքսանդր Նևսկու, «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև ԱՄՆ բանակի «Ակնառու ծառայությունների համար» մեդալով: Դոնի Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի է: Ավագ լեյտենանտ Ղուկաս Մադոյանի հրամանատարությամբ 1943 թվականի փետրվարի 8-14-ը 159-րդ հրաձգային բրիգադի գումարտակը պաշտպանում էր Դոնի Ռոստով քաղաքը երկաթուղային կայարանի շրջանում։ Հերոսական պաշտպանության վեց օրվա ընթացքում Մադոյանի մարտիկները հետ մղեցին գերմանական զորքերի տասնյակ գրոհներ։ Փետրվարի 13-ի երեկոյան նացիստների հարձակումը վերջինն էր, և Կարմիր բանակը կայարանի շրջակայքից գրոհով դուրս մղեց թշնամուն։