Ասկերանում երկու անձի սպանած, դիերը թաղած անձինք դատապարտվել են 16.5 և 19 տարի ժամկետներով

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. 2022թ. Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում 2 անձի սպանության մեջ մեղադրվող 2 անձինք ազատազրկվել են 16 ու կես և 19 տարի ժամկետներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թ. ապրիլի 16-ին` ժամը 22:00-ի սահմաններում Արարատի և Արմավիրի մարզի բնակիչները նշված բնակավայրում սպանել են Գյումրի քաղաքի 2 բնակիչների և հուղարկավորել են տներից մեկի բակում։
ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրենց հետ նույն տանը բնակվող Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի հետ։ Վիճաբանության ժամանակ Է.Ե.-ն և Է.Մ.-ն ձեռքերով և փայտով հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսականորեն կարևոր օրգաններին:
Ա.Թ.-ն տեղում մահացել է: Ռ.Կ.-ին ևս պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ռ.Կ.-ին սպանել են հաջորդ օրը՝ պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով:
Սպանություններից հետո Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի դիերը թաղել են տան բակում նախապես փորված փոսում։
2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ:
2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։