Ընտրություններ Ռումինիայում. առաջատարը Թրամփի ազգայնական աջակիցն է

Ջորջե Սիմիոնը հայտնի է Եվրամիության հասցեին իր խիստ քննադատություւներով, նա նաև հանդես է գալիս Մոլդովայի՝ Ռումինիայի կազմի մեջ մտնելու օգտին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Նախօրեին Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարը «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» ազգայնական կուսակցության ղեկավար Ջորջե Սիմիոնն է, որը հավաքել է ձայների ավելի քան 40 %-ը:
Քաղաքական գործիչը հայտնի է Եվրամիության ղեկավարության հասցեին սուր քննադատությամբ, հանդես է գալիս Մոլդովան Ռումինիայի կազմում ընդգրկելու և Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին: Սիմիոնը հավակնում է նաև Ուկրաինայի տարածքի մի մասին: Ավելի վաղ նա անցանկալի անձ էր հայտարարվել ինչպես Քիշնևի, այնպես էլ Կիևի կողմից։
Իր կուսակցությունը նա անվանում է «Եվրոպայում Թրամփի բնական դաշնակից»։ Խոստանում է հաղթանակի դեպքում առաջին փուլում իշխանությունների կողմից հեռացված թեկնածու Ջեորջեսկուին նշանակել վարչապետ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը (21%): Իշխող երեք կուսակցությունների թեկնածու Կրին Անտոնեսկուն ստացել է 20,25% և երկրորդ փուլ չի անցել: Նա ընդունել է պարտությունը։
Ռումինիայի օրենսդրության համաձայն` առաջին փուլում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որ ստացել է ցուցակներում ընդգրկված ընտրողների ձայների կեսից ավելին: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել այդ շեմը, ԿԸՀ-ն պետք է հայտարարի մայիսի 18-ին ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին:
Ռումինիայում ձերբակալել են RT-ի լրագրող Չեյ Բոուզին
Նախագահի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել անցյալ տարվա նոյեմբերին, դրանց առաջատարն անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն էր: Սակայն դեկտեմբերին երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքները՝ դա հիմնավորելով կատարված լուրջ խախտումներով, որոնք, իբր, հաստատում են անվտանգության բարձրագույն խորհրդի գաղտնազերծած փաստաթղթերը: Ռումինիայի իշխանություններն այն ժամանակ Ռուսաստանին մեղադրում էին ընտրություններին իբր միջամտելու համար։