ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է երկաթուղային կայարանում ահաբեկչություն ծրագրած քաղաքացուն

ԱԴԾ աշխատակից. Արխիվային լուսանկար
Հրահանգչի հանձնարարությամբ` տղամարդը ծրագրել էր ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրել երկաթգծի՝ Սվերդլովսկի հատվածի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի բնակչի, որը Սվերդլովսկի երկաթուղում ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Տյումենի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԴԾ Տյումենի շրջանի տարածաշրջանային վարչությունը կասեցրել է Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի բնակչի անօրինական գործունեությունը, որը կասկածվում է երկաթուղային տրանսպորտում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձից անկախ հանգամանքներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չարագործը, լինելով արգելված ուկրաինական ռազմականացված միավորման համախոհ, տելեգրամյան նամակագրության միջոցով հանցավոր համաձայնության է եկել նշված այդ կազմավորման անհայտ անդամի հետ:
«Հրահանգչի հանձնարարությամբ նախատեսվում էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնաճյուղի Սվերդլովսկի հատվածի երկաթգծի վրա տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը կարող է ոչնչացնել երկաթուղային շարժակազմը», - հայտնել են գերատեսչությունից:
Գերատեսչության տվյալներով` ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված ահաբեկչության նախապատրաստություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:
Օպերատիվ տեսանյութի համաձայն՝ ձերբակալվածը իրավապահներին խոստովանել է, որ մեքենայում պահվող «չակտիվացված» պայթուցիկ սարքը պետք է տեղադրեր ըստ հրահանգչի ցուցումների: