ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Գազայի հատվածի անվտանգության բուֆերային գոտին հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի ժամանակավոր կամ մշտական համաձայնագրի դեպքում։ Այս մասին այսօր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
«Որևէ ժամանակավոր կամ մշտական համաձայնագրի դեպքում Իսրայելը չի լքի Գազայի հատվածի անվտանգության գոտին, որը ստեղծվել է (իսրայելական - խմբ.) բնակավայրերը պաշտպանելու և ՀԱՄԱՍ–ի (պաղեստինյան շարժման - խմբ.) զենքի մաքսանենգությունը կանխելու համար», – աղբյուրի հայտարարությունն է մեջբերում հեռուստառադիոընկերությունը։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածում գործողությունները ընդլայնելու որոշումը։