Իմպիչմենտի ձախողումը վարչապետի համար կարող է ծառայել որպես անվտանգության բարձիկ․Բադալյան

Sputnik
«Արթուն ենք» շարժման անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում անվստահություն հայտնելու նախաձեռնության առաջարկով ապրիլի 28-ին Ազգային Ժողով հանձնեցին 107 պատգամավորներին անհատապես ուղղված նամակներ։
Նախաձեռնության հեղինակները «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը և ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն են։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը համարում է, որ բացի բավարար չափով ստորագրություններից, անհրաժեշտ է նաև հանրության կրիտիկական զանգված։
Այդուհանդերձ, խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել տրամադրել իր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե գործընթացը նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրությունները, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
«Մենք անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ: Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյոք նախաձեռնությունը ուղղվա՞ծ է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,-հայտարարել է ընդդիմադիր խմբակցությունը։
«Իմպիչմենտի ձախողումը վարչապետի համար կարող է ծառայել որպես անվտանգության բարձիկ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։