ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Պակիստան։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը:
Պակիստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ։
«Այցի ընթացքում նախարարը խորհրդակցություններ կանցկացնի և պաշտոնատար անձանց հետ կարծիքներ կփոխանակի երկկողմ հարցերի, այդ թվում՝ տնտեսական և առևտրային համագործակցության, ինչպես նաև սահմանային անվտանգության վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախարարն Իսլամաբադ է մեկնում պակիստանա–հնդկական լարվածության ֆոնին:
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:
Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները: