«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Պատգամավորը ընդգծել է նաև, որ մեր երկրում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից»,-նշում է պարբերականը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական նախաձեռնության և կից առաջարկվող կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը և այլն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ–ն ընդունել է Հայկ Սարգսյանի հեղինակած` «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։