ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում օտարերկրյա դրամաշնորներով ստեղծված բազմաթիվ մեդիաներ կան, որոնք հայաստանյան իշխանությունների հենարանն են։ Մամուլի ազատության օրվա առթիվ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«ՀՀ իշխանությունները չեն խոսում իրենց լրատվամիջոցների մասին։ Կոնկրետ Սորոսն այստեղ ունի լրատվամիջոցներ։ Պարզեք, թե USAID-ին քանի լրատվամիջոցների է գումար տվել, դրանք ի՞նչ են, եթե ոչ քարոզչամիջոցներ։ Մեդիաներ կան, որոնք գումարներ են ստանում եվրոպական դեսպանատներից, այսինքն նրանց կարելի է, մյուսներին չի կարելի՞։ Ու թիրախում հայտնվում են ընդդիմադիր մեդիաները»,–ասաց Սեյրանյանը։
Նրա խոսքով` շատերի համար խուճապ էր, որ USAID-ին փակվում է, բայց հոգ չէ, կառավարությունը եվրապական այլ ծրագրերով գումարներ կստանա այդ մեդիաները պահելու համար։
«Կույս կամ սուրբ մի խաղացեք։ Մի թիրախավորեք, թե լրագրությունն այս ինչ է դարձել։ Մենք ունենք պրոֆեսիանալ, փայլուն լրագրողներ և՛ ավագ սերնդի, և՛ միջին սերնդի, և՛ երիտասարդների մեջ... Այս իշխանությունները և դրսից ֆինանսավորվող անհասկանալի կազմակերպություններն ասում են, թե իբր հասարակությունը չի վստահում լրատվամիջոցներին, ընդամենը 2%–ն է վստահում մամուլին։ Լո՞ւրջ»,.–ասաց նա։
Նրա խոսքով` լրատվամիջոցները պետք է աշխատեն շատ զգուշորեն և ճիշտ։ Չվախենան, այլ հակառակը՝ աշխատեն ավելի բաց, պատրաստ լինել այն բանին, որ անհրաժեշտության դեպքում պետք է պաշտպանեն իրենց:
«Պարզապես լրատվական ոլորտում աղբը այնքան շատ է, որ որակյալը այդ ամենի մեջ կորչում է։ Կորչում է որակյալ բովանդակությունը։ Իսկ այն մարդկանց մասին, ովքեր «սպիտակ ձեռնոցներով» են հանդես գալիս (իսկ մեդիա դաշտում կան այդպիսիք էլ), նայեք՝ ինչից է ձևավորվում նրանց բյուջեն, ինչ ֆինանսական հոսքեր ունեն, ինչ ծրագրերի մեջ են ներգրավված, և այդ ամենի հետ մեկտեղ՝ նստած ինչ-որ «բարձունքներում», ճառեր են ասում էթիկայի կանոններից, մեդիա ազատությունից և այլն։ Սիրելիներս, իջեք երկրի վրա, բացահայտեք ձեր ֆինանսները։ Վախեցա՞ք, որ USAID-ից ֆինանսավորումը դադարեց։ Ոչինչ, շուտով կառավարությունից կամ եվրոպական ծրագրերի միջոցով գումարներ կստանաք»,–ասաց նա։