ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45 թթ.. հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը և մի քանի այլ հուշակոթողներ։ Այս մասին հայտնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45 թթ.. հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը»,–նշված է հաղորդագրության մեջ։
2020 թվականից հետո մինչ օրս ադրբեջանցիներն ավերել են հայկական պատմամշակութային ժառանգության 570-ից ավելի նմուշ։
2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից առաջ Արցախում ու հարակից շրջաններում ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգության 250 և ավելի կոթողներ, մեծ մասը` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձաններ։