Վարդան Ղուկասյանի փեսան ու ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նիստին ուշացումով եկան. ավտոմեքենաների կայանման տեղ չէին գտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. «Կոմունիստական կուսակցության» անդամներ Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր։
Ավետիս Առաքելյանն ընտրվեց 0 դեմ, 17կողմ և 13 ձեռնպահ ձայներով։
«Կապ չունի, որ նա իմ փեսան է, ես շատ պահանջելում եմ իրենից ավելի շատ, քան մյուսներից»,– ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նշենք, որ Առաքելյանը մասնագիտությամբ իրավաբան է, ոստիկանության ավագ լեյտենանտ։ Աշխատել է «Գազպրոմ Արմենիայում», եղել է Գյումրի քաղաքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու նորընտիր կազմում «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավարն է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Գագիկ Մանուկյանը նույնպես ընտրվեց փոխքաղաքապետ 0 դեմ, 17 կողմ և 13 ձեռնպահ ձայներով։
Մանուկյանը մասնագիտությամբ մանկավարժ ու տնտեսագետ է։ Նա եղել է Լեննականի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1999-2003 թթ.–ին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։
Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին մշտապես զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։
ՔՊ-ն կգլխավորի 2 հանձնաժողով՝ Քաղաքաշինության և հողօգտագործման (Շավարշ Արամյան), Իրավական հարցերի (Էդգար Բաղդասարյան)։
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ ընտրվեց կոմունիստական խմբակցության Գևորգ Ղուկասյանը (Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը)։
Մշակույթի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Սվետլանա Ադամյան («Մեր քաղաքը» դաշինքից)։
Հավելենք, որ չնայած մի քանի րոպե ուշացումով, բայց նիստին ներկա էին նաև ավագանու ՔՊ-ական անդամները։