ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ռումինիայի իշխանությունները ձերբակալել և երկրից արտաքսել են RT-ի թղթակից Չեյ Բոուզին, որը երկիր էր ժամանել նախագահական ընտրությունները լուսաբանելու նպատակով:
Լրագրողը Դուբլինից Բուխարեստ էր մեկնել միանգամայն օրինական ճանապարհով, սակայն Ռումինիայի մայրաքաղաքում 6 ուժայիններ նրան նախ դուրս են բերել ինքնաթիռից, ապա, մի քանի ստուգումներից և հարցաքննություններից հետո, տրամադրել ենթադրաբար դատավորի կնիքով փաստաթուղթ, որում էլ նշված են եղել արտաքսման «հիմքերը»։ Ռումինիայի իշխանությունները համարել են, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետության անվտանգության համար»:
Նրան թույլ չեն տվել այդ թուղթը ո՛չ լուսանկարել, ո՛չ էլ պատճենել։ Նրան չեն թույլատրել մտնել եվրոպական երկիր, թեև նա ԵՄ քաղաքացի է։
«Սա իմ և լրագրողների իրավունքների հիմնավոր խախտում է», - իր հայտարարության մեջ նշել է թղթակիցը:
Ձերբակալությունն ու արտաքսումը մեկնաբանել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը. «Մեր թղթակից Չեյ Բոուզին արտաքսել են Ռումինիայից։ Նա ստիպված է եղել թռչել Ստամբուլ։ Ռումինիայի իշխանությունների կարծիքով՝ լրագրողը «սպառնալիք է պետության անվտանգությանը»։ Լավ կլիներ ասեին՝ ուզում ենք ընտրությունների իրենց պետք եկած արդյունքները նկարել»։
Նշենք, որ Ռումինիայում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 4-ին: