ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Ազատության նավատորմ» նավը փորձել է ճեղքել Գազայի շրջափակումը և իսրայելական ԱԹՍ–ի հարձակման է ենթարկվել։ Տեղեկություն հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով «Al Jazeera» հեռուստաալիքին։
Ըստ հեռուստաալիքի` անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել։ Անձնակազմը աղետի ազդանշան է ուղարկել, որին արձագանքել են Կիպրոսի ռազմածովային ուժերը։ Նավն այժմ խարիսխ է գցել Մալթայի ափերի մոտ` միջազգային ջրատարածքում։
Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) ուշադրություն էր հրավիրել Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակի վրա, որն առաջացել է անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու արգելքի պատճառով։
«Անկավում սովը տարածվում և խորանում է, այն միտումնավոր է և մարդածին։ Գազան հուսահատության շրջանի է վերածվել», – X-ում գրել էր UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։
Մարտի 2-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց Գազայի հատված մարդասիրական մատակարարումների դադարեցման և բոլոր սահմանային հսկիչ անցակետերի փակման մասին։ Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ այս որոշումը կայացվել է, քանի որ ՀԱՄԱՍ շարժումը մերժել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի՝ անկլավում հրադադարի ռեժիմը երկարաձգելու ծրագիրը։