Երևանում նոր նախաձեռնություն է ձևավորվել` «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի»։ Նախաձեռնող խմբի անդամները դեմ են Կասկադի վերակառուցման ֆարնսիացի հեղինակի նախագծին և պահանջում են Երևանի դիմագիծը դարձած կառույցն ավարտել ըստ հեղինակների մտահղացման։ Կասկադը Թամանյանի նախագիծն է։ Խորհրդային Հայաստանն այն սկսեց կառուցել 1970-ականներին` այն ժամանակ գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի նախագծով։
Կասկադը մինչև այսօր կիսակառույց է. համալիրի անավարտ վերին հատվածի շինարարության համար քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց, հաղթեց 4 ընկերություններից բաղկացած «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ընկերությունը։ Նախագիծն իրականացվելու է ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզով։ Սակայն բազմաթիվ հայ ճարտարապետներ դեմ են նոր նախգծին ու անհրաժեշտ են համարում պահպանել Կասկադի թամանյանական դիմագիծը։ Մանավանդ, որ համահեղինակներից մեկը` Ասլան Մխիթարյանն այսօր կարող է ներգրավվել վերակառուցման աշխատանքներում։
Ի վերջո, այդ է պահանջում նաև օրենքը։ «Կասկադը» մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, 2018-ին ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և ըստ օրենքի` դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ: Մինչդեռ «Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Այս մասին հայտարարություն տարածեց նաև Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը` առաջարկելով կասեցնել վերակառուցման նախագիծը, բայց քաղաքապետարանն անդրդվելի է։
Ճարտարապետները որոշել են պայքարել ընտրելով մարդկանց իրազեկելու, Կասկադի կարևորությունը բացատրելու ռազմավարությունը։ Sputnik Արմենիան զրուցել է «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի հետ։