Գրանցված աշխատատեղերն ավելացել են, իրական աշխատավարձն էլ` 4,1 տոկոսով․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Նախարարը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր աշխատողին՝ իր ամենօրյա ջանքի, նվիրումի և պատասխանատվության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, աճել է 40 490-ով։ Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը շնորհավորելով՝ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ գրանցված աշխատատեղերի թիվը 782 100 է։
«Իրական, կամ որ նույնն է, գնաճով ճշգրտված աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, այս պահին առկա տվյալներով՝ աճել է 4.1 տոկոսով»,- հայտնում է նախարարը։
Պապոյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր աշխատողին՝ իր ամենօրյա ջանքի, նվիրումի և պատասխանատվության համար։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: