ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռազավի Խորասան նահանգի 5 քաղաքներում օջախի 10 կմ խորությամբ, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Գործակալության տվյալներով՝ բոլոր տուժածները վնասվածքները ստացել են երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ: Ըստ լրատվամիջոցի` այս պահին միայն մեկ մարդ է մնացել հիվանդանոցում, մյուսներն արդեն դուրս են գրվել։
Երկրաշարժից տուժել են Տորբետե Թորբաթե-Հայդարիե, Ռոշտհար, Գոնաբադ և Թայբադ քաղաքների բնակիչները: Գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև նահանգի վարչական կենտրոն Մաշհադ քաղաքում, սակայն չի նշում` այդ քաղաքում տուժածներ եղել են, թե ոչ: