ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսված բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ։ Տեղեկությունը հայտնում է «Axios»–ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրի:
Նշվում է, որ այդ կապակցությամբ կարող է հետաձգվել նաև Իրանի և «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 2-ին Հռոմում:
Հնարավոր հետաձգման պատճառները դեռ չեն նշվում։
Ավելի վաղ «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների չորրորդ փուլը կարող է կայանալ մայիսի 3-ին Հռոմում: Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հրապարակավ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա Հռոմում, սակայն ամսաթիվը չհստակեցրեց։
Հիշեցնենք, որ Օմանում ապրիլի 26-ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունների երրորդ փուլը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: