Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում, երեկ օրը ցերեկով, թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, լրատվամիջոցների ուղիղ եթերի ուղեկցությամբ, խմբակային ծեծի ենթարկեցին հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը, իր պնդմամբ, գնացել էր մասնակցելու հանրային քննարկման։ Ծեծին միացել էր նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ծեծկռտուքից հետո Մարգարյանն արդարացրեց իր արարքը` կարծիք հայտնելով, որ լավ է արել։
Միջադեպին նախորդել էր Աթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի այցը թաղապետարան, որտեղ Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտ էին լցրել վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։ Իսկ դրանից էլ առաջ, ըստ Չախոյանի` թաղապետը հայհոյել էր իրեն։
Երեկվա ծեծկռտուքից անմիջապես հետո Արթուր Չախոյանը բերման ենթարկվեց, ապա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նրա մոտ սալջարդ ու գլխի վնասվածք էր ախտորոշվել։
Ըստ քննչական կոմիտեի` միջադեպի մասնակից 6 անձինք են ձերբակալվել` մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։
«Այս միջադեպն ի ցույց է դնում իշխանության նոր բարքերը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։