«Ժեստ երիտեվրոպացիներին». ռուս փորձագետը՝ Փաշինյանի էստոնական այցի մասին

Փաշինյանի համար ԵՄ-ն քաղաքականապես գրավիչ նախագիծ է, իսկ նրա բիզնես-շրջապատի համար ԵԱՏՄ-ն եկամտաբեր է, նշում է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատողը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էստոնիա «երիտեվրոպացիների» հասցեին ռևերանս էր և վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարության ղեկավարը փորձում է «միաժամանակ նստել երկու աթոռի վրա»՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի: Sputnik-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: Այցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ լարել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը խորացնելու է ԵՄ-ի հետ ներկայում անբավարար համագործակցությունը:
«Ըստ երևույթին, Փաշինյանը փորձում է ինչ-որ ձևով նստել «երկու աթոռի վրա»՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի։ Քանի որ, եթե նրա համար ԵՄ-ն քաղաքականապես գրավիչ նախագիծ է, ապա նրա բիզնես-շրջապատի համար, որն իր կառավարման տարիներին ձևավորել է նախորդներից ոչ վատ, ԵԱՏՄ-ն եկամտաբեր է», - նկատել է փորձագետը։
Նովիկովի կարծիքով, ռուս-ամերիկյան բանակցություններում առկա անորոշության պայմաններում, որոնք կարող են ավարտվել ինչպես դիմակայության նոր շրջափուլով, այնպես էլ զգալի ջերմացմամբ, Հայաստանի վարչապետը ստիպված է խուսանավել, որպեսզի չհայտնվի «կոտրած տաշտակի առջև»: