ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է երկրում 72 ժամվա ընթացքում բլեքաութի հնարավորության մասին լուրերը:
«Որոշ սոցիալական ցանցերում տարածված պնդումը, թե Թուրքիան էներգամատակարարման և կապի 72-ժամյա խափանումներ է ունենալու, չի համապատասխանում իրականությանը։ Մեր երկրի էներգետիկ և կոմունիկացիոն ենթակառուցվածքներում ոչ մի արտակարգ իրավիճակ չկա», - ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ:
Ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում: Խափանումն անդրադարձել է նաև Պորտուգալիային, Ֆրանսիային և Անդորրային։ Բլեքաութի պատճառով դադարեցվել են երկաթուղային բոլոր փոխադրումները։ Դա ազդել է նաև այն քաղաքների հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա, որտեղ լուսացույցները չեն աշխատել: Բլեքաութի պատճառները պարզվում են։