ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը երախտապարտ է ԱՄՆ–ին Խորհրդային Միությանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տրամադրած լենդ-լիզի համար, այսօր Ռուսաստանը ամբողջությամբ վճարել է դրա համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այնուամենայնիվ պետք է երախտապարտ լինենք մեր դաշնակիցներին։ Նրանք օգնել են մեզ այդ Հաղթանակում։ Հայտնի լենդ-լիզն իսկապես օգնել է մեզ... Մենք պետք է գնահատենք դա և չպետք է մոռանանք», – ասել է Պեսկովը «Գիտելիք։ Առաջինները» կրթական մարաթոնի ժամանակ։
Նա նշել է, որ լենդ-լիզը վճարովի ծառայություն է եղել։
«Մենք՝ որպես Խորհրդային Միություն, իսկ հետո որպես նրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնություն, ամբողջությամբ վճարել ենք դրա համար։ Ռուսաստանը վճարել է դրա համար Պուտինի օրոք՝ 2006 թվականին։ 2006 թվականին Պուտինը վերջին վճարումներն է կատարել լենդ–լիզի գծով», – ընդգծել է նա։
«Գիտելիք։ Առաջինները» մարաթոնը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Այն անցկացվում է ապրիլի 28-30-ը՝ Ռուսաստանի 10 քաղաքներում։ Մոսկվայում մարաթոնը տեղի է ունենում Պոկլոննայա բլրի վրա գտնվող Հաղթանակի թանգարանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ–ն (և Մեծ Բրիտանիան) մշակեցին հատուկ լենդ-լիզ ծրագիրը ԽՍՀՄ-ին և Գերմանիայի դեմ կռվող այլ երկրներին օգնություն ցուցաբերելու համար։ Ամերիկան զինամթերք, սարքավորումներ, սնունդ, բժշկական սարքավորումներ և դեղորայք, ինչպես նաև ռազմավարական հումք, այդ թվում՝ նավթամթերք էր մատակարարում։ Տարբեր գնահատականներով՝ Խորհրդային Միությանը տրամադրած ընդհանուր օգնությունը մինչև 11 մլրդ դոլար է կազմել։ Հետպատերազմյան տարիներին ԽՍՀՄ-ը, ապա Ռուսաստանը, ամբողջությամբ մարեցին պարտքը։ Վարկը վերջնական մարվեց 2006 թվականին։