ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հաղթանակի 80-ամյակի շրջանակներում, այսօր Մինսկում հարգանքի տուրք է մատուցվել ԽՍՀՄ հերոս Ղազարոս Ավագյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսում Հայաստանի դեսպանությունը։
Մինսկում Ավագյանի անունը կրող փողոցում տեղադրված հուշատախտակի մոտ այցելել են ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն, ԱՊՀ-ում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի մշտական լիազոր ներկայացուցիչները, Բելառուսում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը, Մինսկի Օկտյաբրսկի շրջանի ղեկավարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցները։
Մինսկում հարգանքի տուրք է մատուցվել ԽՍՀՄ հերոս Ղազարոս Ավագյանի հիշատակին
Նրանց դիմավորել է Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աստղիկ Բալդրյանը: Միջոցառմանը մասնակցել է նաև հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը:
Աստղիկ Բալդրյանը ամփոփ ներկայացրել է հատկապես Բելառուսի ազատագրման գործում հայ ժողովրդի ներդրումը՝ շեշտելով Մարշալ Հովհաննես Բաղրամյանի առանցքային դերակատարությունը: Բալդրյանը խոսել նաև Ղազարոս Ավագյանի անցած մարտական ուղուց, շեշտել՝ ավագ լեյտենանտ Ղազարոս Ավագյանի սխրանքը հպարտության առարկա է ոչ միայն հայերի, այլև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել Ղազարոս Ավագյանին նվիրված հուշատախտակի առջև: