ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը Կարմիր և Արաբական ծովերով անցնելու արգելք է սահմանել Մեծ Բրիտանիայի նավերի համար այն բանից հետո, երբ Բրիտանիան հայտարարեց, որ մտադիր է միանալ հութիների վերահսկողության տակ գտնվող նահանգներին ԱՄՆ-ի հարվածներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շարժման աղբյուրին։
«Շարժումը մտադիր է արգելել բրիտանական առևտրային նավերի անցումը Կարմիր, Արաբական ծովերով և Ադենի ծոցով, ինչպես ամերիկյան և իսրայելական նավերի դեպքում է։ Այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ ԱՄՆ-ի հետ միասին Եմենի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մասին հայտարարության»,-նշել է աղբյուրը։
Նա հավաստիացրել է, որ բրիտանական նավերին վերաբերող արգելքը լրջորեն կազդի բրիտանական տնտեսության վրա:
ԱՄՆ-ն մարտի կեսերից ամեն օր հարվածներ է հասցնում Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքին այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցին, որ վերսկսում են հարձակումները իսրայելական նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ ի պատասխան Գազայի հատվածի շրջափակման։