Հնդկաստանը փակել է երկրի օդային տարածքը Պակիստանի բոլոր ինքնաթիռների համար

Հնդկաստան
Որոշումը վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NOTAM ավիացիոն ծանուցման հաղորդագրությանը։
Պակիստանյան ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը:
Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որոնք գրանցված են, շահագործվում, պատկանում և վարձակալվում են պակիստանյան ավիաուղիների կողմից: Այն վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներին։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:
Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները: