Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով մեղադրանք է ներկայացվել 2 անձի

Sputnik Արմենիային տեղեկություններով՝ կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Շենգավիթի առաջին ատյանի դատարանում քննչական գործողությունների արդյունքում երկու անձ կալանավորվոլ է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,–հայտնեցին hակակոռուպցիոն կոմիտեից։
Sputnik Արմենիային տեղեկություններով՝ կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից բերման են ենթարկել, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։ ԲԴԽ-ում քննվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում թույլատրելու հարցը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։
Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։
Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։