ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր գնացել էր թաղապետարան` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար պատասխան պահանջելու վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։ Արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։
«Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։
Ընդգծվում է, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։