Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից. փաստաբան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Փաստաբանն ակնկալում է, որ քննչական մարմինը խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն կիրականացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակել ապօրինի ձերբակալումից։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ում։ Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր գնացել էր թաղապետարան` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար պատասխան պահանջելու վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։