2 ամսով երկարաձգվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց աջակցության ծրագիրը

Արցախցիները Ազատության հրապարակում վրան էին տեղադրել մարտի 29–ից և պահանջում էին վերանայել իրենց ուղղված աջակցության ծրագրերը։ Վրանը հանվեց ապրիլի 29–ին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հետքայլ է արել և համաձայնել է 40+10 հազար ծրագիրը երկարաձգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը որոշել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1-ից կրճատվում է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
Ապրիլի 1–ից շահառուներ էին դիտարկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»,– ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Նրանք պահանջում էին վերանայել կառավորության վերոնշյալ որոշումը և բարելավել իրենց ուղղված ծրագրերրը։ Որպես բողոքի նշան` արցախցիները Ազատության հրապարակում վրան տեղադրեցին, որը հանեցին ապրիլի 29–ին, քանի որ ՀՀ կառավարությունը համաձայնել էր 40+10 հազար ծրագիրը երկարաձգել։