ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Իսպանիայի էլեկտրացանցերի օպերատոր Red Eléctrica ընկերությունը էլեկտրամատակարարման զանգվածային ընդհատումներից երկու ամիս առաջ ներդրողներին զգուշացրել է վերականգնվող էներգիայի աղբյուրների լայն ներդրման պատճառով էներգահամակարգում անջատումների վտանգի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Mundo պարբերականը։
Ինչպես նշում է թերթը, տվյալ տեղեկությունը հրապարակվել է փետրվարի 26-ին Արժեթղթերի և բորսաների ազգային հանձնաժողովին ներկայացված տարեկան հաշվետվության մեջ:
«Ավանդական էլեկտրակայանների փակումը կարող է հանգեցնել աշխատանքի խափանումների ռիսկերի բարձրացման, ինչը կարող է ազդել ընկերության մատակարարման և հեղինակության վրա», - ասվում է փետրվարյան զեկույցում:
Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով 12: 30-ին, Իսպանիայի գրեթե ողջ տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել: Այն անդրադարձել է նաև Պորտուգալիային, Ֆրանսիային և Անդորրային։
Էլեկտրամատակարարման խափանման պատճառով ստիպված դադարեցվել են երկաթուղային բոլոր փոխադրումները։ Վթարն ազդել է նաև այն քաղաքների հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա, որտեղ լուսացույցները չեն աշխատել:
Սուպերմարկետներում հերթեր են գոյացել, փրկարարները ստիպված են եղել մարդկանց դուրս հանել արգելափակված վերելակներից։ Երկրի բոլոր ատոմակայանները անվտանգ դադարեցվել են։ Վթարի պատճառը պարզվում է։ Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Իսպանիայում էլեկտրաէներգիայի խափանումները կիբեռհարձակման հնարավոր արդյունք լինելու մասին տվյալներ չունի: