ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Մի շարք եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր չեն մայիսի 9-ին մեկնել Կիև, ուր նրանց ավելի վաղ հրավիրել էր Ուկրաինան: Այս մասին գրում է Politico պարբերականը։
«Ուկրաինան մայիսի 9-ին եվրոպական առաջնորդներին հրավիրել է գագաթնաժողով՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատկերին հակակշիռ ստեղծելու համար։ Բայց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այդ օրը մեկնելու է Նանսի` նախագահ Էմանուել Մակրոնի հետ անվտանգության պայմանագիր կնքելու համար, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է մասնակցել Օսլոյի պաշտպանական գագաթնաժողովին, իսկ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ուզում գնալ առանց ամբողջական ընկերախմբի»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգային, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները եվրոպացի առաջնորդներին և բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել են մայիսի 9-ին այցելել Կիև, որպեսզի այդ կերպ Ռուսաստանին «հակակշիռ» լինեն և ուշադրությունը շեղեն Մոսկվայից, որտեղ տեղի է ունենալու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթ։
Վլադիմիր Զելենսկին 2023 թվականին օրենք է ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարությունները մայիսի 9-ից մայիսի 8-ը տեղափոխելու մասին՝ այն անվանելով Հիշատակի և նացիզմի դեմ հաղթանակի օր, ինչից հետո մայիսի 9-ը Ուկրաինայում դարձել է Եվրոպայի օր։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ առաջնորդներին մայիսի 9-ին Կիև հրավիրելու Զելենսկու մտադրությունն անվանել է «աբսուրդի թատրոն»: