ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել դատարանի դահլիճից, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։
«Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Գաբրիելյանին բերման են ենթարկել և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ»,–գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։
Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։
Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։