ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Իսպանիայի էլեկտրացանցերի օպերատորը հայտարարել է, որ էլեկտրականության զանգվածային անջատումը պայմանավորված է եղել ցանցերում հոսանքի շատ ուժեղ տատանումներով:
«Red Eléctrica» ընկերությունը միևնույն ժամանակ նշել է, որ երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան մի շարք շրջաններում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:
«Ներկայում լարումը վերականգնված է Իբերական թերակղզու հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող մի քանի շրջաններում», - «X» սոցիալական ցանցում հայտնել է ընկերությունը:
Իսկ Պորտուգալիայում հայտարարվել է, որ հոսանքազրկման պատճառը «հազվագյուտ մթնոլորտային երևույթն է»։ Պորտուգալական օպերատորը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջական վերականգնումը կարող է մեկ շաբաթ պահանջել:
Հիշեցնենք, որ այսօր էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և Անդորրայում: