ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ–1»–ն ավարտել է իր առաքելությունը։ Այդ մասին հայտնում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։
Նշվում է, որ «Բազումքի» և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից մշակված Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»–ն ապրիլի 26–ին է վերջին անգամ հատել Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը։
«Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը»,– ասված է «Բազումքի» հաղորդագրության մեջ։
Լաբորատորիայից հայտնում են, որ «Հայասաթ-1»–ի առաքելության շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններ և փորձ։
Նշենք, որ «Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակը, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023 թվականի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով։ Այն պատկանում է փոքր խորանարդաձև արբանյակների դասին (cubesat), կշռում է ընդամենը մոտ մեկ կիլոգրամ և սակավաթիվ սարքերով է հագեցած, քանի որ ամեն դեպքում ուսումնական մոդել է։
Սա Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել էր Իսպանիայում (թեև Հայաստանի կառավարության պատվերով)։