ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա. տուժել է շտապօգնության վարորդը: Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը եղել է կանչի վայրում։
«Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում»,–գրել է Ավանեսյանը:
Նա նշել է, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, բացի դրանից, գնալու են խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում, իսկ ինքը նախաձեռնելու է քննարկման դնել նաև շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը:
Նշենք, որ սա բուժաշխատողներին բռնության ենթարկելու առաջին դեպքը չէ։ Առողջապահության նախարարությունը նախկինում ևս հանդես էր եկել այս երևույթը դատապարտող հայտարարություններով։