«Արթուն ենք» շարժման անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում անվստահություն հայտնելու նախաձեռնության առաջարկով Ազգային Ժողովի նամակների բաժին են հանձնել բոլոր պատգամավորներին անհատապես ուղղված նամակներ։ Նախաձեռնության հեղինակները «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը և ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն են։
«Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել։ Անվստահություն հայտնելու որոշման տեքստը գրված է, բայց բաց է թողնված վարչապետի անունը լրացնելու տեղը, որովհետև թե ով կարող է լինել վարչապետի թեկնածու, կարող է որոշել այն պատգամավորը, որը կհեղինակի այս նախաձեռնությունը»,-լրագրողներին ասել է Էդգար Ղազարյանը։