ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է խմբավորման հրամանատարին և այս գործողության ընթացքում առավել աչքի ընկած ստորաբաժանումների հրամանատարներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։ Տարածաշրջանի վերջին ազատագրված գյուղը Գորնալն էր։
«Պուտինը շնորհավորել է նրանց հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հերոսական աշխատանքի համար», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները ներխուժեցին Կուրսկի մարզ, սակայն նրանց առաջխաղացումը հաջողվել կանգնեցնել։ 2025 թվականի մարտի սկզբին ռուսական զորքերը լայնածավալ հարձակման անցան և մի քանի օրում ազատագրեցին մոտ 1100 քառ.կմ տարածք։ Ընդհանուր առմամբ, ներխուժման սկզբից հաջողվել էր վերահսկողության տակ վերադարձնել ավելի քան 60 բնակավայր, որոնց կեսից ավելին, այդ թվում Սուջան՝ վերջին երկու ամսում: